ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի զուգընկերուհին էլի հանդես է եկել նոր գրառմամբ, որտեղ հիմնականում զբաղվել է ինքնագովազդով ու, ինչպես նախկին գրառումների դեպքում, այս անգամ էլ, թարմացրել է իր գործունեության հետ կապված մի շարք անպատասխան մնացած հարցեր:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի զուգընկերուհուն հիշեցնում եմ, որ ես իրեն չեմ հայհոյում կամ վիրավորում, միաժամանակ օդում կախված լուրերի համաձայն հավակնություններ չեմ հանդես բերում, այլ գոյություն ունեցող փաստերի համաձայն ընդամենը հարցեր եմ հնչեցնում, ինչը ցանկացած մարդու իրավունքն է:
Հուսով եմ` այս դեպքում ոչ թե ողջ պետական համակարգն իրար խառնելով կփորձի ինքն իրեն արդարացնել, այլ կպատասխանի «հեռավոր մի գեղից, գեղցու ակցենտով» իրեն ուղղված լուրջ հարցին:
Ինքնագովազդման գրառման մեջ Աննա Հակոբյանն անդրադարձել է «Կին քաղաքական առաջնորդներ» գագաթնաժողովներին ու համաժողովներին իր մասնակցությանն ու ելույթներին, բայց վարպետորեն շրջանցել ու բաց է թողել մեկ պարագա:
2023 թվականի հոկտեմբերի 19-ից 20-ը իր նախաձեռնությամբ Երևանում նախատեսված գագաթնաժողովը:
Հիշեցնեմ, որ 2023 թվականի սկզբին մեծ աղմուկով հայտարարվեց, որ «Կին քաղաքական առաջնորդներ»-ի 2023 թվականի գագաթնաժողովն անց է կացվելու Երևանում ու դրան պիտի մասնակցեն 200-ից 250 բարձրաստիճան պաշտոնյաներ ու կին գործիչներ:
2023 թվականի ապրիլի 4-ին այդ գագաթնաժողովի թեման Աննա Հակոբյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ քննարկվեց կառավարությունում, իսկ ապրիլի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշեց 142,5 հազար եվրո հատկացնել «Կին քաղաքական առաջնորդներ» (Women Political Leaders-WPL) միջազգային ցանցին վճարելու համար:
Ըստ կառավարության ընդունած որոշման, ՀՀ ԱԳՆ-ի և WPL միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն Հայաստանը, որպես հյուրընկալող կողմ կազմակերպությանը պետք է փոխանցեր 190 հազար եվրո։
Վերոնշյալ գումարի 75 տոկոսը (142,5 հազար եվրո) պետք է փոխանցվեր հուշագրի ստորագրումից հետո, իսկ մնացած գումարը՝ 2023թ-ի հոկտեմբերին։
Սակայն ի զարմանս բոլորի, 2023 թվականի հոկտեմբերի 19-ից 20-ը նախատեսված գագաթնաժողովը հենց այնպես էլ չկայացավ:
Փոխարենը հոկտեմբերի 24-ին պարզ դարձավ, որ Երևանում անցկացվելիք գագաթնաժողովը տեղի է ունեցել առցանց ձևաչափով:
2023 թվականի հոկտեմբերի 24-ին WPL-ի Յութուբի ալիքում հայտնվեց առցանց գագաթնաժողովի 1,5 ժամանոց տեսագրությունը, որտեղ հիմնականում մոնտաժված ելույթներ էին:
Ավելի զարմանալին. առցանց գագաթնաժողովից բացակայում էր գագաթնաժողովի նախաձեռնող Աննա Հակոբյանը և փոխարենը կին առաջնորդներին ուղերձ էին հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Ի դեպ, այս երկուսը գագաթնաժողովին մասնակցած միակ արական սեռի ներկայացուցիչներն էին:
Թե ի՞նչ գործ ունեին այդ երկուսը կին առաջնորդների գագաթնաժողովում, այդպես էլ պարզ չդարձավ:
Այս գագաթնաժողովի մասին որևէ անդրադարձ չեղավ Աննա Հակոբյանի սոցիալական էջերում, քանի որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի զուգընկերուհին 2023 թվականի սեպտեմբերի 24-ից անհետացել էր համացանցից ու վերադարձավ շուրջ երկու ամիս անց՝ նոյեմբերի 15-ին:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հոկտեմբերի 24-ին հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման և ստեղծված ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված Երևանում կայանալիք միջոցառումը հետաձգվել է»:
Հիշեցնեմ, որ գագաթնաժողովը տեղի պիտի ունենար 2024 թվականի հոկտեմբերի 19-ից 20-ին՝ Արցախում տեղի ունեցած իրադարձություններից մեկ ամիս անց ու, թեև, Ալեն Սիմոնյանն իր ուղերձում անդրադառնում է Լեռային Ղարաբաղից տեղահանվածների թեմային, սակայն ոչ-ոք չի կարող ժխտել, որ այդ օրերին 200-ից 250 կին բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան ինչպիսի օգնություն կարող էր լինել արցախահայության իրավիճակի լուսաբանմանը:
Այդուհանդերձ, ինչ էլ որ լիներ գագաթնաժողովի ձևաչափի փոփոխման պատճառը դա չի պարզաբանում այն հանգամանքը, թե ինչու Աննա Հակոբյանը ոչ միայն չկիսվեց իր իսկ նախաձեռնած գագաթնաժողովի առցանց տարբերակի տեսագրությամբ, այլև դրանից հետո մի տեսակ դադարեց այդ կառույցի հետ նրա համագործակցությունը:
Օրինակ, Աննա Հակոբյանը չի մասնակցել նույն կառույցի 2024 թվականի մարտի 19-ին Աթենքում գումարած գագաթնաժողովին:
Նաև անհայտ է մնում, թե ընդհանրապես ինչի՞ն ծառայեց պետբյուջեից վճարված 147,5 հազար եվրոն: Արդյո՞ք գումարի մնացած 25 տոկոսն էլ հետագայում վճարվեց 1,5 ժամանոց ոչինչ չասող յութուբյան տեսագրության համար:
Շեշտում եմ` իմ գրառման մեջ ես ոչ Աննա Հակոբյանին հայհոյել եմ ու ոչ էլ մեղադրանքներ հնչեցրել:
Ընդամենը առկա փաստերի հիման վրա հարցեր եմ հնչեցրել, որոնց պատասխանը հուսով եմ հանրությունը կստանա:
Ռոբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքագետ, իրավաբան
ԱՄՆ